Խաթարված ուշադրություն. քանի՞ ժամ ենք մենք իրականում աշխատում

Մտավոր աշխատանք կատարողները գիտեն, թե որքան օգտակար կարող են լինել փոքր ընդմիջումները։ Գիտեն, որ նստած դիրքում երկար մնալը վնասակար է ու պարբերաբար ոտքի կանգնելը, ձգումներ անելը, քայլելը կամ աչքերը էկրանից միառժամանակ կտրելը բարերար ազդեցություն են թողնում բուն մտավոր աշխատանքի վրա։

Սակայն հաճախ մենք շփոթում ենք երկու տարբեր հասկացություն. ԸՆԴՄԻՋՈՒՄ և ԸՆԴՀԱՏՈՒՄ։ Ընդմիջումը աշխատանքի կամային դադարեցումն է արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մինչդեռ ընդհատումը արտաքին գործոններով պայմանավորված շեղումն է աշխատանքից, որը ոչ միայն չի բարձրացնում, այլև խոչընդոտում է կենտրոնացմանը։

Կալիֆորնիայի համալսարանի կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ զանազան շեղումներից հետո աշխատանքին վերադառնալը միջինում տևում է 23 րոպե 15 վայրկյան։ Սա նշանակում է, որ օրվա մեջ երեք նման ընդհատումը կարող է խլել ավելի քան 1 աշխատանքային ժամ։

Համաձայն նույն հետազոտության՝ ոչ բոլոր ընդհատումներն են բացասական ազդեցություն ունենում։ Բացի այդ, ընդհատված աշխատանքի մեծ մասը լրացվում է նույն օրը, ինչն իր վնասակար հետևանքներն ունի։ Եվ այսպես.

Օգտակար ընդհատումներ

Հետազոտության ղեկավար Գլորիա Մարկը նշում է ընդհատման կամ մտաշեղման երեք հիմնական տեսակ, որոնց դեպքում ընդհատումը ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենում, այլ նաև հետազոտության մասնակիցների կողմից գնահատվում է որպես դրական շեղում։

  1. Ընդհատումը գնահատվում է դրական, երբ վերաբերում է նույն խնդրին / թեմային, որի վրա աշխատում է մարդը տվյալ պահին։ Այսինքն, երբ մարդն աշխատում է որևէ A առաջադրանքի վրա, և նրան ընդհատում են նույն A խնդրի հետ կապված որևէ հարցով, ապա կենտրոնացումը պահպանվում է, քանի որ կենտրոնացման օբյեկտը չի փոխվում։
  2. Ընդհատումը դրական է, երբ կարճատև է ու քիչ մտավոր ջանք պահանջող։ Օրինակ, երբ մարդը կենտրոնացած է առաջադրանքի վրա և նրան խնդրում են ստորագրել որևէ փաստաթուղթ։ Նման կարճատև ու մեխանիկական գործողությունը չի կարող նրան որակապես շեղել իր առաջադրանքից։
  3. Երրորդ օգտակար շեղումը վերաբերում է խնդրի լուծմանը, երբ մարդը միառժամանակ թողնում է խնդիրը, փոխում գործունեության տեսակը, ապա վերադառնում նախորդին ու հաջողությամբ լուծում / կատարում այն։ Այս երևույթը հայտնի է «ինկուբացիա» անունով և համարվում է խնդրի լուծման փուլերից մեկը։

Վնասակար ընդհատումներ

Մնացած գրեթե բոլոր դեպքերում արտաքին ընդհատումը բացասական ազդեցություն է ունենում։ Երբ մարդն աշխատում է որևէ A առաջադրանքի վրա, և նրան ընդհատում են ու հարցնում B թեմայից, ապա նրա ուշադրությունն ու մտավոր ռեսուրսները պետք է մի առարկայից տեղափոխվեն միանգամայն այլ առարկայի վրա, որը ժամանակ է պահանջում։ Իսկ այնուհետ պետք է վերադառնալ նախորդ A առաջադրանքին, հիշել, թե որտեղ էր կանգ առել ու փորձել վերականգնել կենտրոնացումը։ Սա նշանակում է, որ իրական ընդհատումն ավելի շատ է տևում, քան բուն ընդհատումը։

Image for post

Ընդհատել կարող են ինչպես գործընկերները, այնպես էլ զանգերը, հաղորդագրությունները, աղմուկը և այլ գործոններ։ Ընդ որում, վնասակար ընդհատումները ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին բնույթ կարող են ունենալ։ Օրինակ՝սոցիալական էջը ստուգելու ցանկությունը այդպիսի ներքին ընդհատում է։

Ընդհատման իրական վնասը

Վերոնշյալ հետազոտության հեղինակ Գլորիա Մարկը նշում է, որ ընդհատված աշխատանքի ճնշող մասը՝ շուրջ 82%-ը մարդը լրացնում է նույն օրը։ Սա նշանակում է, որ մտավոր աշխատանք կատարող մարդը, ում հաճախակի ու պարբերաբար ընդհատում են, հետզհետե զարգացնում է գործն ավելի արագ անելու սովորություն։ Հենց այստեղ է ընդհատումների բուն վնասակարությունը։ Միավոր առաջադրանքը տրված ժամկետներում կատարելու նպատակով աշխատողները հաճախ ստիպված են լինում ավելի երկար մնալ աշխատավայրում, ավելի հաճախ աշխատել տանը, որպեսզի հասցնեն ժամանակին ավարտել կամ գոնե հետ չմնալ ժամկետներից։

Այս «անտեսանելի աշխատանքը» առաջ է բերում սթրես և լարվածություն, ճնշվածություն ու գերհոգնածություն, հավելյալ ջանքերի ու մտավոր ռեսուրսների սպառում։ Այս ամենն իր հերթին նվազեցնում է աշխատողի արդյունավետությունն ու աշխատանքի որակը՝ հանգեցնելով էլ ավելի մեծ լարվածության ու սթրեսի։ Սա փակ շղթա է, որի գլխավոր պատճառը, թերևս, «անմեղ» ընդհատումներն ու շեղումներն են և միաժամանակ տարբեր հարցերի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունն աշխատավայրում։ Գլորիա Մարկը համոզված է, որ. «10-15 րոպեն մեկ այլ առաջադրանքի կամ թեմայի վրա ուշադրությունը շեղող մարդը ունակ չէ որևէ բանի վրա կենտրոնանալ ու խորությամբ մտածել»։

Ինչպե՞ս «չընդհատվել»

Ոմանք այդ հարցը լուծում են տանը, սրճարանում կամ coworking վայրերում աշխատելով։ Սակայն բոլորը չէ, որ կարող են օգտվել նման հնարավորությունից։ Ուստի առաջարկում ենք մի քանի տարբերակ, որոնք կօգնեն գոնե մասամբ խուսափել վնասակար արտաքին շեղումներից։

  • Երաժշտություն միացրեք

Թերևս, այս միջոցը շատերն են կիրառում։ Ճիշտ ընտրված երաժշտությունը օգնում է ավելի արագ կենտրոնացմանը, իսկ ականջակալները ազդանշան են ծառայում, որ դուք կենտրոնացած աշխատանք եք կատարում։ Կենտրոնացմանը նպաստող երաժշտության մասին կարդացեք այստեղ։

  • Թվային սահմաններ դրեք

Կենտրոնացում պահանջող աշխատանք կատարելիս ակտիվացրեք հեռախոսի DND (do not disturb) մոդը։ Նվազագույնի հասցրեք հաղորդագրությունները, որոնք ստանում եք օրվա ընթացքում։ Հեռախոսը անմիջական տեսադաշտից հեռու պահեք կամ երեսնիվայր դրեք սեղանին։

  • Կիրառեք «Պոմոդորո» տեխնիկան

Աշխատեք հատվածաբար՝ հաջորդելով կենտրոնացման ու ընդմիջման փուլերը։ Պոմոդորո տեխնիկայի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։

  • Կիրառեք «ևս 5» տեխնիկան

Ներքին շեղումների դեմ պայքարելու համար կիրառեք «ևս 5» պարզ տեխնիկան, որի էությունը հետևյալն է. ամեն անգամ, երբ փորձում եք շեղվել, ինքներդ ձեզ համոզեք ևս 5 րոպե աշխատել կամ ևս 5 էջ կարդալ (գրել) կամ ևս 5 գործնական նամակի պատասխանել։ Ինչ էլ որ անում եք, փորձեք ևս 5 միավոր ավել անել ու նոր անցնել ընդմիջմանը։

Համաձայն մեկ այլ հետազոտության, որն անց է կացվել CareerBuilder-ի կողմից, յուրաքանչյուր 5 աշխատողից մեկն իր ութժամյա աշխատանքային օրվա ընդամենը 5 ժամն է արդյունավետ համարում։ Որպես պրոդուկտիվությունը խաթարող գործոններ թվարկվում են հետևյալը՝

  • 55% հաղորդագրություններին պատասխանելը
  • 41% վեբ-սերֆինգ
  • 39% բամբասանք
  • 37% սոցիալական մեդիա
  • 27% գործընկերներ
  • 27% ծխելու ընդմիջումներ
  • 26% էլ. նամակներին պատասխանելը
  • 24% ժողովներ
  • 20% աղմկոտ գործընկերներ

Ի՞նչ անել այս վիճակագրության հետ։ Սկսեք «ներքին թշնամիներից»։ Հնարավորինս նվազեցրեք այն ներքին գործոնները, որոնք խաթարում են ձեր պրոդուկտիվությունը։ Այնուհետ, անցեք արտաքին գործոններին։ Խոսեք գործընկերների, ենթակաների ու ղեկավարության հետ։ Բարձրաձայնեք խնդիրն ու միասնական ուժերով լուծումներ փնտրեք արտաքին վնասակար շեղումները նվազեցնելու ուղղությամբ։

Աղբյուրը

Image for post

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով