Պրոկրաստինացիա. գործը հետաձգելու արվեստը

Օրը ձախողելու մի շարք եղանակներ կան՝ ուշ քնել, թարս ոտքի վրա վեր կենալ, վիճել ընտանիքի անդամներից որևէ մեկի կամ միանգամից մի քանիսի հետ, հատ առ հատ հիշել ձեզ հասցված բոլոր վիրավորանքները, ափսոսալ երեկվա համար, անհանգստանալ վաղվա համար… Տարբերակները շատ են, բայց եթե իսկապես ձեր առաջ խնդիր եք դրել ամեն կերպ ձախողել օրը, ապա պետք է սկսել առավոտվանից (փորձված բան է)։

Ի՞նչ եք անում առավոտյան քնից արթնանալուց անմիջապես հետո։ Մարմնամարզությո՞ւն, առողջ նախաճա՞շ, գի՞րք եք կարդում, ձեր օ՞րն եք պլանավորում։ Անհավատալի է։ Այդպես դուք ոչ մի արդյունքի չեք հասնի։ Առաջարկում ենք հետևել օրը ձախողելու 5 պատվիրաններին, որոնք անխափան գործում են բոլոր եղանակներին ու բոլորի համար։

1. Օրը սկսեք նյուզֆիդը թերթելով

Աչքերը բացելուն պես սկսեք նայել այն ամենին, ինչով մարդիկ զբաղվում են կյանքում իրենց ավելի նշանակալի զգալու համար ու տեղադրում դա ձեր պատին, որպեսզի այդկերպ դուք ձեզ պակաս նշանակալի զգաք, քանի որ դուք ավելի քիչ հետևորդներ ունեք ու ձեր նկարներն ավելի քիչ մարդկանց են դուր գալիս։ Այս չափաբաժինը միանգամայն բավական է ներքին քննադատին արթնացնելու համար, իսկ նա, գիտեք, ոչինչ չի խնայի, որպեսզի ստիպի՝ աչքերը չբացած ձեզ խղճալի զգաք։ Սոցիալական ցանցերը ստիպում են ձեզ անդադար համեմատվել՝ առաջ բերելով նախանձի զգացում։ Իսկ ի՞նչը կարող է ավելի արդյունավետ կերպով ձախողել ձեր օրը, քան մի կում թարմ նախանձը վաղ առավոտյան։ Բացի այդ, հետևելով ուրիշների կյանքին, դուք սկսում եք ապրել նրանց կյանքով, նրանց տեսանկյունից եք սկսում նայել աշխարհին, ինքներդ ձեզ և ձեր շրջապատին` մի կողմ դնելով ձեր երազանքները, ձեր տեսանկյունը, ձեր մարտավարությունը: Բոնուս. առավոտը սոցցանցով սկսելը սովորեցնում է ձեր ուղեղին շեղվել, դա նշանակում է, որ ձեր ոչ-պրոդուկտիվ օրվա սկիզբն արդեն դրված է։

Իսկ եթե ինչ-ինչ կասկածելի պատճառներով չեք ուզում ձախողել ձեր օրը, ապա մի տրվեք գայթակղությանը ու մի բացեք ոչ մի սոցիալական էջ՝ նախքան ձեր առավոտը դրական ու առողջ ինքնաընկալմամբ սկսելը։

2. Սեղմեք snooze կոճակը առնվազն երկու-երեք անգամ նախքան արթնանալը

Եթե դուք մի քանի անգամ հետաձգում եք արթնանալը (անկողնուց վեր կենալը), ապա նշանակում է, որ Ա. բավարար չեք քնել, որպեսզի առույգ արթնանաք, Բ. դուք ընդհատում եք ձեր քնի փուլերը և ավելի քնաթաթախ եք արթնանում, քան հենց առաջին զանգից վեր կենալու դեպքում։ Առհասարակ զարթուցիչը, ինքնին, օրը ձախողելու մեծ պոտենցիալ ունի։ Ի պատասխան դրա ազդանշանի՝ մեր օրգանիզմում տագնապի ահազանգ է բարձրանում, արտադրվում է սթրեսի հորմոն։ Երևի կհամաձայնեք, որ առավոտը սթրեսով սկսելը օրը ձախողելու իսկական արվեստ է։

3. Անպայման պատասխանեք բոլոր հաղորդագրություններին ու նամակներին, բաց մի թողեք վերջին նորությունները

Երբ առաջին բանը, որ անում եք արթնանալուց հետո, այլ մարդկանց հաղորդագրություններին ու նամակներին պատասխանելն է կամ նախորդ օրվա նորություններին ծանոթանալը, դուք օրը սկսում եք այլ մարդկանց օրակարգին հարմարվելով։ Արթնանալուն պես դուք սկսում եք ապրել այլ մարդկանց կյանքով, նվիրում եք ձեր առավոտը նրանց կարիքներին ու ցանկություններին։ Կարճ ասած, դուք դրսևորում եք ռե-ակտիվ վարք. հակազդում եք գոյություն ունեցող ազդակներին։ Մինչդեռ պրո-ակտիվ վարքի դեպքում դուք ստիպված եք սկսել օրը՝ ձեր սեփական օրակարգին համաձայն, ինչը, իհարկե, ցանկալի չէ, որովհետև այդկերպ կստացվի, որ դուք եք կառավարում ձեր օրը և հետևաբար ստանձնում ողջ պատասխանատվությունը։

Իսկ եթե ինչ-որ պահի ցանկանաք ձեր օրակարգը ձեր ձեռքը վերցնել, հիշեք, որ օրը պետք է սկսել պրո-ակտիվ վարքով։ Մեզ շրջապատող մարդիկ կարևոր են, սակայն մենք ավելին ենք, քան մեր սոցիալական կապերի ամբողջությունը։

4. Վատնեք ձեր առավոտը տաղտկալի կենցաղային գործերի վրա

Առավոտը համարվում է ամենաստեղծագործ ժամանակահատվածներից մեկը։ Մեր գլխուղեղը փորձում է ամեն ինչ իր տեղում դասավորել և լուծել խնդիրները, երբ մենք քնած ենք։ Արթնանալուց անմիջապես հետո մենք կարող ենք շարունակել այդ գործընթացը արդեն գիտակցական մակարդակում և չվատնել այդ հնարավորությունը այնպիսի գործունեության տեսակների վրա, որոնք հնարավոր է կատարել նաև օրվա այլ (նման հնարավորությամբ չօժտված) ժամերին։ Բայց բոլորս էլ կհամաձայնենք, որ կենցաղային գործերը միշտ ավելի կարևոր են. ավելի կարևոր են մեր որոշումներից, ավելի կարևոր են մեր երազանքներից, ավելի կարևոր են մեր հոգևոր զարգացումից, ավելի կարևոր են մեր ստեղծագործական կյանքից, ավելի կարևոր են մեր անձից։

Իսկ եթե կան մարդիկ, որոնք, ինչ-ինչ պատճառներից ելնելով, համաձայն չեն այս պնդումների հետ, ապա պետք է հաշվի առնեն, որ կենցաղային գործերը հնարավոր է կատարել նաև այլ ժամերի (օրինակ՝ քնելուց առաջ), իսկ առավոտը նվիրել այնպիսի գործունեության տեսակների, որոնք նոր որակ են ավելացնում կյանքին։

5. Այսօրը սկսեք վաղվանից

Որոշել էիք այսօրվանից սկսել մարզվե՞լ, դե լավ, կսկսեք վաղվանից։ Որոշել էիք այսօրվանից առողջ նախաճաշո՞վ սկսել օրը, դե լավ, այսօրվա համար արդեն ուշ է, թող մնա վաղվանից։ Որոշել եք այսօրվանից սկսած չուշանա՞լ. էլի չստացվեք, վե՛րջ, վաղվանից էլ չեք ուշանա։ Ասել է թե՝ «վաղը կախարդական մի վայր է, որտեղ մարդիկ պահում են իրենց ձեռքբերումները, մոտիվացիան ու պրոդուկտիվությունը»։

Իսկ իրականում դրա անունը պրոկրաստինացիա է։ Վերանայեք ձեր որոշումները, սկսեք փոքր քայլերից։ Կախարդական «վաղը» իսկապես գալիս է միայն այն դեպքում, եթե սկսում եք «այսօրից»։

Աղբյուրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով