Ինֆոդեմիա. կեղծ լուրերի համաճարակը

Photo by Nijwam Swargiary on Unsplash

Ինֆորմացիայի տարատեսակ աղբյուրները վաղուց ավանդական մեդիայից (հեռուստատեսություն, ռադիո, լրագրեր ու ամսագրեր) անդին են։ Տեղեկատվության հսկայական չափաբաժին այսօր մարդիկ ստանում են օնլայն հարթակներից։ Սակայն մեդիայի բոլոր տեսակները ունեն մեկ ընդհանուր բան՝ բովանդակությունը ստեղծվում է ինչ-որ մեկի կողմից ու ստեղծվում է հստակ նպատակով։ Նման նպատակների գիտակցումը կազմում է մեդիա գրագիտության հիմքը։

infodemia | ab comunicaciones
Այսօր յուրաքանչյուր ոք հեշտությամբ կարող է թվային քոնթենթ ստեղծել

Մեդիա գրագիտությունը մեդիայի տարբեր տեսակները ճանաչելու և փոխանցվող ուղերձը հասկանալու կարողությունն է։ Թվային աշխարհը չափազանց դյուրին է դարձրել մեդիայի ստեղծումը։ Այսօր յուրաքանչյուր ոք հեշտությամբ կարող է թվային քոնթենթ ստեղծել։ Մենք շատ հաճախ չգիտենք, թե ով է այս կամ այն հոդվածի, վիդեոյի, լուրի հեղինակը և որքանով է արժանահավատ բովանդակությունը։

Թարմ հետազոտությունները ցույց են տալիս, որ վարակիչ հիվանդությունների ժամանակ սոցիալական մեդիայում շրջանառվող առողջությանը վերաբերող վնասակար խորհուրդները կամ «ֆեյք լուրերը» կարող են սրել համաճարակը։ Այլ կերպ ասած բուն էպիդեմիայից բացի մենք գործ ունենք նաև մեդիա անգրագիտության միջավայրում ծնված ինֆոդեմիայի հետ և եթե գիտնականները, բժիշկներն ու առողջապահության ոլորտի աշխատակիցները պայքարում են համաճարակի դեմ, ապա մեդիա ոլորտի մասնագետները, իրենց հերթին, պարտավոր են ակտիվ պայքար մղել կեղծ տեղեկատվության համաճարակի դեմ։

Այդ առթիվ, ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն հատկապես ճգնաժամային իրավիճակներում, սակայն կիրառելի են յուրաքանյուր տեսակի տեղեկատվության և քոնթենթի հետ առնչվելիս։

Վարակիչ հիվանդությունների ժամանակ սոցիալական մեդիայում շրջանառվող առողջությանը վերաբերող վնասակար խորհուրդները կամ «ֆեյք լուրերը» կարող են սրել համաճարակը

1. Քննադատորեն մոտեցեք ցանկացած տեղեկատվության

Յուրաքանչյուր տեղեկտավության հետ առնչվելիս, ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը՝

  • Ո՞վ է ստեղծել սա։ Կազմակերպությո՞ւն է, թե՞ անհատ։ Եթե անհատ է, ապա ի՞նչ մասնագիտություն ունի, ինչո՞վ է զբաղվում։
  • Ի՞նչ նպատակ է հետապնդում բովանդակությունը։ Արդյո՞ք նպատակը զուտ տեղեկատվության փոխանցումն է (լուր), արդյո՞ք ձեր միտքը կամ վարքը փոխելն է, ձեզ ինչ-որ բանին մտահակելը (քարոզչություն, էսսե), արդյո՞ք նպատակը ձեզ զվարճացնելն է (ծիծաղելի մեմ), արդյո՞ք ձեզ ինչ-որ բան վաճառելն է (գովազդ)։ Հասկանալով ազդեցության նպատակը՝ մենք կարող ենք գիտակից որոշումներ կայացնել։
  • Ի՞նչ մանրամասներ են բացթողնված և ինչո՞ւ։ Արդյո՞ք տեղեկատվությունը ներկայացնում է երկկողմանի կարծիքներ, թե՞ միայն մի կողմն է ներկայացված։ Կա՞ արդյոք հավելյալ տեղեկատվության կարիք ուղերձը լիարժեք հասկանալու համար։
  • Ի՞նչ հույզեր է առաջացնում տեղեկատվությունը։ Արդյո՞ք մյուսների մոտ ևս նույնպիսի հույզեր կառաջանան։ Ինչո՞ւ է հեղինակը ցանկանում առաջ բերել այդ հույզերը։

2. Կարդացեք (դիտեք) նյութն ամբողջությամբ

  • Երբեք մի խաբնվեք վերնագրերին ու գլխագրերին։ Շատ հաճախ «սկանդալային», «ցնցող», «անպայման ինչ-որ բան խոստացող» վերնագրերի նպատակը ձեր քլիքին արժանանալն է ու դրանց միջոցով շահույթ ստանալը։
  • Նյութը կարդացեք ամբողջությամբ, հատկապես, եթե պատրաստվում եք կիսվել դրանով։ Պարզապես աչքի անցկացնելը բավարար չէ տեղեկատվության որակը գնահատելու և ներկայացվող նյութի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար։

3. Ուշադրություն դարձրեք նյութի արժանահավատությանը

Նյութի հետ ծանոթանալիս անպայման ուշադրություն դարձրեք, թե ինչ տեխնիկաներ են օգտագործված բովանդակությունը արժանահավատ դարձնելու համար։

  • Եթե բովանդակության մեջ առկա է վիճակագրություն, ապա ուշադիր եղեք, որ ներկայացված լինի վերջինիս աղբյուրը։ Ստուգեք, թե որքանով է արժանահավատ տվյալ վիճակագրության աղբյուրը։
  • Նյութը կարդալիս ուշադիր եղեք, որ առկա լինեն հղումներ սկզբնաղբյուրներին։ Պետական մարմինների դեպքում՝ համապատասխան պետական կայքին կամ պաշտոնյային։ Միջազգային լուրերի դեպքում՝ սկզբնաղբյուր կայքին։
  • Նյութը կարդալիս ուշադիր եղեք, որ առկա լինեն հղումներ սկզբնաղբյուրներին։ Պետական մարմինների դեպքում՝ համապատասխան պետական կայքին կամ պաշտոնյային։ Միջազգային լուրերի դեպքում՝ սկզբնաղբյուր կայքին։

4. Ունեցեք վսհատելի լրատվամիջոցների ցանկ

Ձեզ մոտ ունեցեք արժանավահատ լրատվամիջոցների ցանկ ու ծանոթացեք միայն դրանց կողմից հրապարակվող տեղեկատվությանը։ Այդ ցանկը կարող է սահմանափակվել ընդամենը 2-4 կայքով, իսկ դրանցից դուրս այլ լրատվամիջոցների հրապարակումներին կարելի է առհասարակ չծանոթանալ։ Եթե որևէ կարևոր լուր միայն մեկ լրատվամիջոցում է տեղակայված, ապա, ամենայն հավանականությամբ, այն «ֆեյք» է։ Մշտապես համադրեք մի քանի արժանահավատ աղբյուրների կողմից տրված տեղեկատվությունը։

5. Ունեցեք մեդիա պատասխանատվություն

Գիտակցելով մեդիայի դերը ժամանակակից մշակույթում՝ անհրաժեշտ է պատասխանատվությամբ մոտենալ տեղեկատվության շրջանառությանը։ Միայն ուրիշի տեսանկյունը հասկանալը բավարար չէ։ Անհրաժեշտ է նաև գիտակցել, թե ինչ ազդեցություն ունի ձեր սեփական տեսանկյունը կամ որևէ տեղեկատվության տարածումը այլ մարդկանց վրա։ Ի՞նչ նպատակ եք դո՛ւք հետապնդում, ո՞ւմ է ուղղված ձե՛ր քոնթենթը, ի՞նչ հույզեր եք դո՛ւք ցանկանում առաջացնել։

Աղբյուրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով