«Ժամանակ չունեմ». զբաղվածության սինդրոմ

Photo by Andy Beales on Unsplash

Հիշո՞ւմ եք, վերջերս մենք անդրադարձանք բազմազբաղ կյանքի անարդյունավետությանը և պարզեցինք, թե ինչով է տարբերվում զբաղված մարդը պրոդուկտիվ մարդուց։ (Եթե չհիշեցիք՝ կարդացեք այստեղ։) Հնարավոր է շատերը հետևություն արեցին, որ լինել զբաղված դեռևս չի նշանակում հաստատուն քայլերով առաջ գնալ, չի նշանակում, որ մենք արդյունավետ ենք ու հաջողակ, չի նշանակում, որ բուռն ստեղծագործական պրոցեսի մեջ ենք կամ որ մեր օրը լի է հետաքրքիր ու իմաստալից զբաղմունքներով։

Լինել զբաղված նշանակում է լինել անդադար շարժման մեջ։ Բայց որպեսզի հասկանանք, թե որ ուղղությամբ ենք շարժվում և որը պետք է լինի մեր հաջորդ նպատակակետը, անհրաժեշտ է մի պահ կանգ առնել ճամփաբաժանին, նայել հետ՝ անցած ճանապարհին, նայել շուրջը՝ հնարավոր ուղիներին ու կայացնել կարևոր որոշումներ՝ նախքան ոտքով ու գլխով անելիքների անսպառ ծովի մեջ նետվելը։

Այս ամենը հասկանալուց հետո, սակայն, մեզ պետք է ճանապարհային քարտեզ, ձեռնարկ, ուղեցույց (անվանեք այն, ինչպես կկամենաք), որը կհուշի, թե ինչպես է հնարավոր ազատվել «զբաղվածության համախտանիշից» ու դառնալ իսկապես պրոդուկտիվ մարդ, որը գիտի ինչ է անում, ինչի համար և երբ։ Այս անցումը հեշտացնելու համար, առաջարկում ենք հետևել մի քանի խորհուրդների։ Սակայն բավարար չէ դրանք ուղղակի աչքի անցկացնելը որպես հերթական «10 օգտակար խորհուրդ…» վերտառությամբ հոդված, որոնք հասցնում եք կարդալ ձեր բազմազբաղ կյանքից գողացված մի քանի րոպեներում։ Փորձեք լինել ինքնագիտակից, կարդացեք առանց շտապելու, գտնվեք ներկայում ու մի պահ մոռացեք «վազող ժամանակի մասին»։ Եվ այսպես.

• մի պահ դադար առեք

Մեզ շատ են հիշեցնում ժամանակի մասին։ Նկատե՞լ եք, որ հնարավոր բոլոր սարքերը, անկախ իրենց գործառույթից, իրենց սրբազան պարտքն են համարում օրվա ժամը ցույց տալ մեզ։ Սոցիալական մեդիան ու հեռուստատեսությունը ողողված է «վայելիր կյանքիդ յուրաքանչյուր վայրկյանը», «մի վատնիր թանկագին ժամանակդ», «ժամանակ մի կորցրու, շտապի՛ր» ոճի բովանդակությամբ։ Ինչո՞ւ են բոլորն այդչափ սրտացավ մեր սեփական կյանքի համար. որովհետև մենք, նախևառաջ, սպառող ենք, ապա՝ անհատ։ Սոցիալական գիտափորձերը ցույց են տալիս՝ որքան երկար ենք մտածում գնում կատարելիս, այնքան նվազում է տվյալ ապրանքը գնելու հավանականությունը։ Ահա թե ինչու է անհրաժեշտ և ում է ձեռնտու, որ մենք մշտապես շտապենք։ Մեր հապճեպ որոշումներն ու զբաղված միտքը ամենապարարտ հողն են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են մեզ ինչ-որ բան վաճառել։

• պարզեք ձեր զբաղվածության երկրորդային շահը

Որքան էլ արտաքին գործոնները «պարտադրեն» մեզ զբաղված լինել, մենք չենք հետևի թելադրանքին, եթե «շահ» չունենանք։ Մեր հոգեկանը պարզապես այլկերպ չի կարող աշխատել։ Երկրորդային շահ են անվանում իրական, թաքնված օգուտը, որը մենք քաղում ենք այս կամ այն, նույնիսկ տհաճ, վնասակար կամ «սխալ» գործունեության տեսակներից։ Ժամանակ հատկացրեք ու մտածեք, թե ինչով է ձեզ համար գրավիչ զբաղված թվալը, ինչ է ձեզ տալիս միաժամանակ տարբեր տեղերում ներգրավված լինելը, միաժամանակ մի քանի գործ անելը։ Ձեզ կարևոր կամ արժեքավոր եք զգում, բազմակողմանի զարգացած մարդու կարգավիճակն է ձեզ դուր գալիս, խուսափում եք տնից, խուսափում եք մենակ մնալուց, խուսափում եք բացասական հարաբերություններից, ձեզ ուշադրության կենտրոնում եք ուզում զգալ, ուզում եք, որ ձեզ համար հոգ տանեն… սրանք պատճառներից մի քանիսն են միայն։ Պարզեք, թե ինչ հուզական կամ սոցիալական խնդիր է լուծում զբաղվածությունը ձեզ համար։

• կրճատեք անելիքների ցանկը

Մտքում կամ թղթի վրա՝ բոլորս էլ ունենք անելիքներ, որոնք ինքնակամ վերցրել ենք մեր պատասխանատվության տակ կամ որոնք մեր պարտականություններն են՝ տնային, աշխատանքային և այլ։ Այս պահից ի վեր ընդունեք այն դառը ճշմարտությունը, որ հնարավոր չէ ամեն ինչ հասցնել, իսկ եթե նույնիսկ հնարավոր է՝ ապա ոչ այն որակով, որով կուզեիք։ Մենք ուղղակի պարտավոր ենք առաջնահերթություն տալ որոշ անելիքների և նույնիսկ հրաժարվել որոշներից։ Վերանայեք ձեր ցանկը ու հեռացրեք այն անելիքները, որոնք չկատարելու դեպքում ձեր և ձեզ շրջապատող մարդկանց կյանքում որակական լուրջ փոփոխություն տեղի չի ունենա։ Անելիքները կրճատելու մի քանի մարտավարություն կա, որոնց մենք կանդրադառնանք առաջիկայում։

• ոչ ասելը ձեզ վատ մարդ չի դարձնում. սովորեք ասել «ոչ»

Իհարկե գովելի է, եթե ուզում եք օգնել մարդկանց, սակայն կարողացեք գնահատել ձեր ժամանակը։ «Ոչ» ասել ամենևին չի նշանակում կոպտել մարդկանց։ «Ոչ» ասել կարողանալը, թերևս, ամենակարևոր հմտություններից մեկն է մարդու շփման գործիքների հավաքակազմում։ Այն թույլ է տալիս սահմաններ դնել, հրաժարվել վնասակար սովորություններից ու ոչինչ չտվող գործունեության տեսակներից, պահպանել ինքնահարգանքը, ձեռքը վերցնել սեփական կյանքի կառավարումը։ Երբ «ոչ»-ը հիմնավորված է լինում, մարդիկ հասկանում են։ Հակառակ դեպքում արժե մտածել՝ արդյոք ձեր հարաբերությունները առողջ են և փոխվստահելի։

• բացառեք շեղող հանգամանքները

Զբաղված մարդիկ հաճախ են շեղվում, քանի որ հակված են պասիվ արձագանք տալ շրջապատի ազդակներին։ Սահմանափակեք ու բացառեք այն ամենը, ինչը խոչընդոտում է նպատակային գործունեությանը ու ձեզ ավելի մտացրիվ դարձնում։ Ազատեք ձեր աշխատանքային տարածքը կամ սեղանը ավելորդ իրերից, անջատեք հեռախոսի ձայնը կամ հաղորդագրությունների ստացման կարգը այս կամ հավելվածից, որն ամենաշատն է շեղում ձեզ, օգտագործեք DND (չխանգարել) ռեժիմը, եթե հույժ կարևոր գրագրությամբ զբաղված չեք։

• միավոր ժամանակում կատարեք ընդամենը մեկ առաջադրանք

Մարդու գլխուղեղը չի կարող միաժամանակ մի քանի բանով զբաղվել։ Այն ամենը, ինչ մեզ մալթիթասքինգ է թվում, իրականում, գլխուղեղի համապատասխան կենտրոնների հաջորդական ակտիվացումն է, ինչը ավելի շատ էներգիա է պահանջում, քան մեկ առանձին առաջադրանքի վրա կենտրոնացումը։ Ազատեք գլխուղեղին այդ վնասակար սովորությունից և միավոր ժամանակում փորձեք կատարել ընդամենը մեկ գործ և միայն ավարտելուց հետո անցնել մյուսին։

• գտեք ձեր մեթոդը

Չկա այնպիսի մեթոդ, որն անխափան կգործի բոլորի համար։ Մի սպասեք, որ մի օր կգտնվի նման տեխնիկա։ Մի սպասեք նաև, որ ձեր պրոդուկտիվությունը ինքն իրեն մի օր հետ կվերադառնա։ Դադարեք ընկալել պրոդուկտիվությունը որպես քմահաճ «մուսա», որը կամ կա կամ չկա։ Փորձարկեք պրոդուկտիվության տարբեր մեթոդներ և գտեք այն մեկը կամ մի քանիսը, որն ամենահարմարն է ձեզ։ Մշակեք աշխատանքային փոքրիկ «ծեսեր», որոնք կարող են տրամադրել գործին (օրինակ՝ կարգի բերել սեղանը, սուրճ կամ թեյ դնել կողքին, միացնել համապատասխան երաժշտություն, օրվա անելիքների ցանկ կազմել)։ Նման «աշխատանքային ծեսերը» օգնում են ավելի արագ ու հեշտությամբ մտնել բուն գործի հոսքի մեջ։ Կենտրոնանալու և բովանդակային մտավոր աշխատանքի համար՝ կարող եք կիրառել պոմոդորո տեխնիկան։ Նվազագույն ջանքերի շնորհիվ առավելագույն արդյունքի հասնելու համար, մի մոռացեք Պարետոյի սկզբունքի մասին։

• գործը պլանավորելուց բացի պլանավորեք նաև հանգիստը

Բազմազբաղ մարդկանց ամենամեծ թերությունն այն է, որ ծրագրեր կազմելիս նրանք հաճախ մոռանում են հանգստի մասին, ասես հնարավոր է 24/7 արդյունավետություն ապահովել։ Հոգնածությունը, որը բնորոշ է «զբաղվածության սինդրոմ» ունեցող մարդուն, անհրաժեշտ է փոխարինել հաճելի բավարարվածությամբ։ Շատ աշխատելը դեռևս լավ աշխատել չէ։ Պետք չէ մոռանալ առողջ քնի, առողջ սնվելու, հանգստանալու և լիցքաթափվելու մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով