Տնից աշխատելու մարտահրավերները. ինչպես ապրել ու աշխատել նույն տարածքում 24/7

Photo by Agnieszka Boeske on Unsplash

Շատերը մինչ հարկադիր կարանտինային ռեժիմին անցնելը «նախանձում» էին ռիմոթ կամ տնից աշխատող մարդկանց՝ ենթադրելով, որ նման ռեժիմը ավելի քիչ ջանք է պահանջում, և ավելի շատ ժամանակ է մնում հետաքրքրություններին ու ընտանիքի անդամներին տրամադրելու համար։ Մինչդեռ տնից աշխատանքը գրագետ կազմակերպելը բավականաչափ ջանքեր է պահանջում, որպեսզի գործն ու կյանքը չհայտնվեն ընդհանուր կաթսայում։ Աշխատանքի ու անձնական կյանքի բալանսը պահելու կարևորության մասին շատ է խոսվում։ Ինչո՞ւ է այդչափ կարևոր սահմաններ դնելը և ինչպե՞ս կարելի է հաղթահարել տնից աշխատելու դժվարությունները։

Երբ աշխատանքն ու անձնական կյանքը հատվում են, մարդը դժվարանում է տարբերակել, թե որտեղ է ավարտվում իր աշխատանքային օրն ու սկսվում հանգիստը։ Երբ այդ սահմանները լղոզված են, մարդն ավելի քիչ է վերահսկողության զգացում ունենում, ինչի արդյունքում ավելի սթրեսային է լինում։ Իր հերթին՝ սթրեսայնությունն ազդում է մոտիվացիայի, պրոդուկտիվության, կատարված աշխատանքի որակի վրա։ Տնից աշխատելու դեպքում այդ սահմաններն ասես սերտաճում են միմյանց։ Այդ տհաճ երևույթից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների, որոնք կօգնեն հնարավորինս տարանջատել աշխատանքն ու անձնական կյանքը և պահպանել պրոդուկտիվությունն ու հոգեկան առողջությունն այս դժվարին իրավիճակում։

1. Առանձնացրեք ձեր աշխատանքային միջավայրը

Տնից աշխատելու դրական կողմերից մեկը ճկուն աշխատանքային միջավայրն է, այնպես չէ՞։ Սակայն մի շտապեք գայթակղվել դրանով, այլապես ամբողջ տունը կարող է դառնալ ձեր աշխատասենյակը և այլևս չասոցացվել հանգստի ու հարմարավետության հետ։ Եթե տանն ազատ սենյակ ունեք, ապա օգտագործեք որպես աշխատասենյակ, եթե ոչ՝ օգտագործեք սենյակի որևէ մաս, որևէ սեղան, կես սեղան. կարևորը, որ այն տարածքը, որտեղ աշխատում եք, այլ նպատակով չօգտագործվի օրվա ընթացքում։ Համոզվեք, որ սեղանին միայն անհրաժեշտ իրեր են և ոչ մի ավելորդ ու շեղող բան չկա, ընտրեք հարմարավետ աթոռ, ապահովեք լավ լուսավորություն։ Հնարավորինս օգտվեք ցերեկային բնական լույսից, քանի որ վերջինս խթանում է պրոդուկտիվությունը։

2. Սահմանեք աշխատանքային ժամեր

Երբ ամբողջ օրը տանն եք, դժվար է հստակ ժամի սկսել ու ավարտել աշխատանքը։ Սակայն դա անելը էլ ավելի կարևոր է հենց տնից աշխատելիս, որպեսզի թե՛ դուք, թե՛ ձեր գործընկերները և թե՛ ընտանիքի անդամները հստակ իմանան, թե երբ կարող են դիմել ձեզ և երբ՝ ոչ։ Էական չէ՝ 9-6-ն եք աշխատում, թե 12-8-ը, կարևորը, որ աշխատանքը հնարավորինս հստակ սկիզբ ու ավարտ ունենա, որպեսզի չներթափանցի ձեր հանգստի մեջ։ Սա հատկապես կարևոր է, եթե երեխաներ ունեք. փորձեք նրանց համար ևս տարանջատել, թե երբ եք դուք աշխատանքային կարգավիճակում և երբ՝ ծնողական։

3. Պլանավորեք ձեր հանգստյան օրերն ու ժամերը

Տնից աշխատելու մեկ այլ մարտահրավեր է աշխատանքային ու հանգստյան օրերի հստակ տարանջատումը։ Գուցե տանը գտնվելիս առանձնապես տարբերություն չկա՝ կիրակի է օրը, թե երկուշաբթի, սակայն ձեր ներքին կենսաբանական ժամացույցը ակնկալում է հանգիստ՝ աշխատանքային շաբաթից հետո։ Ուստի նախապես պլանավորեք ձեր հանգստյան օրերն ու հետաշխատանքային երեկոները. լցրեք դրանք ֆիլմերով, գրքերով, մտերիմների հետ տնային ժամանցով, այն ամենով, ինչն օգնում է ձեզ լիցքաթափվել, որպեսզի աշխատանքին «տեղ չմնա»։

4. Բաց մի թողեք լանչը

Աշխատել տնից չի նշանակում մոռանալ սնվելու մասին, չի նշանակում ոտքի վրա կամ համակարգչի առաջ ուտել։ Հատկացրեք ձեր լանչին ճիշտ այնքան ժամանակ, որքան կհատկացնեիք, եթե աշխատեիք գրասենյակում։ Կառուցեք ձեր աշխատանքային օրը դրա շուրջ. լանչը տրոհում է աշխատանքային օրը և օգնում վերահսկողության զգացում ունենալ ժամանակի վրա։

5. Մի մոռացեք ջուր խմելու մասին

Գրասենյակում գործընկերների հետ ջրի սարքի շուրջ փոքրիկ զրույցները հիշեցնում են ջուր խմելու մասին։ Տանը, աշխատանքի մեջ խորասուզված լինելով, մենք հաճախ կարող ենք մոռանալ օրգանիզմը չջրազրկելու կարևորության մասին։ Ուստի ձեռքի տակ ունեցեք ջրի շիշ ու պարբերաբար մաքուր ջուր խմեք։

6. Հագնվեք, ինչպես հարկն է

Որքան էլ գայթակղիչ է գիշերազգեստով, խալաթով կամ տնային հարմարավետագույն շորերով աշխատելու միտքը, դիմադրեք դրան։ Իհարկե, կարիք չկա կոստյում ու բարձրակրունկ հագնելու, սակայն տնային հագուստից թեկուզ փոքր-ինչ տարբերվող ու ավելի աշխատանքային հանդերձին մոտ հագուստ կրելն օգնում է համապատասխան աշխատանքային տրամադրություն և տրամադրվածություն ունենալուն։

7. Պահպանեք ձեր ռիտուալները

Եթե ժամանակավոր եք աշխատում տնից, ապա կարիք չկա հրաժարվելու ձեր ամենօրյա աշխատանքային ռիտուալներից։ Նույն ժամին արթնանալը, առավոտյան ցնցուղը, նախաճաշը, սուրճը. ձեզ բնորոշ գործողությունների հաջորդականությունը արդեն իսկ նախապատրաստում է ձեզ աշխատանքային օրվան։ Օգնեք ձեր սովորություններին օգնել ձեզ տանը աշխատանքային օրը ճիշտ սկսել։ Ունեցեք աշխատանքային բաժակ, ինչպես գրասենյակում։ Սա ևս ռիտուալի մաս է, որը օգնում է ճիշտ տրամադրվածությանը։

9. Մի փորձեք համատեղել աշխատանքն ու կենցաղային գործերը

Տնից աշխատելիս գուցե ձեզ կարող է արդյունավետ թվալ բուն աշխատանքի ու տնային գործերի համատեղումը. լվացքի կամ սպասք լվանալու մեքենան միացնելը, ճաշը գազօջախին դնելը, կնոջը/մայրիկին ծանր բան տեղափոխելիս օգնելը ։ Իրականում, միաժամանակ մի քանի բան անելը միշտ էլ անարդյունավետ է բոլոր առումներով. մեր գլխուղեղը չի կարողանում կենտրոնանալ միավոր առաջադրանքի վրա, եթե ստիպված է պարբերաբար մեկից անցնել մյուսին։ Կազմակերպեք կենցաղային գործերը աշխատանքային ժամերից դուրս կամ կարճատև ընդմիջումների ընթացքում։

10. Երբեք մի աշխատեք անկողնում

Նույնիսկ եթե գիշերը ձեր ուղեղն ավելի արդյունավետ է գործում, մի՛ աշխատեք անկողնում՝ ո՛չ նստած, ո՛չ պառկած։ Չափից դուրս հարմարավետությունը բացասականորեն է ազդում պրոդուկտիվության վրա։ Բացի այդ մահճակալը պետք է ասոցացվի հանգստի ու առողջ քնի հետ, իսկ եթե դուք աշխատում եք փափուկ մահճակալի մեջ ընկղմված, ապա կարող եք անքնություն առաջ բերել։

Բալանսավորեք ձեր աշխատանքը, որպեսզի բավականաչափ ժամանակ ունենաք ձեր մտերիմների կողքին լինելու և նրանց անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար։ Եղեք առողջ ու գիտակից։

Աղբյուրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով