Սկսած գործն ավարտելու արվեստը 🏁

Photo by Aw Creative on Unsplash

«Սկիզբը գործի կեսն է», «Դժվարը առաջին քայլն է». սիրում ենք կրկնել մենք։ Բայց գործնականում գրեթե բոլորս էլ սերիական գործ սկսողներ ու կեսից թարգողներ ենք։ Երբ հերթը հասնում է սկսած գործն ավարտին հասցնելուն, պարզվում է, որ սկսելուց շատ ավելի դժվար գործն իր տրամաբանական ավարտին հասցնելն է։ Քանիսն են մեզնից սկսել կիթառի դասեր ու կիսատ թողել, սկսել նոր լեզու սովորելն ու մի քանի քերականական կանոնից հետո թողել, սկսել մարզվել, հետևել առողջ սննդակարգին ու մի քանի օրից կամ շաբաթից հետ նահանջել՝ դեպի ապահով անհավեսություն։

Կիսատ մտահղացումներն ու ծրագրերը մեղավորություն, տխրություն ու անզորության զգացում են առաջացնում։ Ինչո՞ւ ենք մենք կիսատ թողնում սկսածը, ինչպե՞ս սովորել ավարտել կիսատ թողած գործերը ու վայելել ավարտունության ու արդյունավետության զգացումը։ Այս ամենի մասին՝ հերթով։

Ինչո՞ւ ենք մենք կիսատ թողնում սկսածը

Նոր նախաձեռնություն սկսելը նման է սիրահարվելուն. մենք ոգևորվում ենք, մոտիվացվում, համակվում նոր գաղափարներով։ Միևնույն ժամանակ, մենք հակված ենք տեսնել միայն լավ կողմերն ու անտեսել հնարավոր խոչընդոտները, բացասական կողմերն ու մարտահրավերները, որոնք շուտով վրա են հասնում։ Եվ որոշ ժամանակ անց սկսած գործը ավելի շատ ջանք ու երկար ժամանակ է պահանջում, քան պատկերացնում էինք սկզբում։ Արդյունքում մենք թողնում ենք սկսածը և համոզում ինքներս մեզ, որ ընդամենը հետաձգել ենք այն՝ ակնկալելով, որ մի օր դարձյալ նույնքան քիչ ջանք ու ռեսուրս պահանջող կդառնա, որքան թվում էր սկզբում։

Սկսած գործն ավարտելու դժվարությունն ունի հոգեբանական պատճառներ։ Նախևառաջ դա ձախողելու վախն է։ Մենք չենք սիրում քննդատություն լսել. ոչ ոք չի ուզում, որ իրեն դատեն ըստ իր ունակությունների։ (Հատկապես, երբ խոսքը վերաբերում է արվեստի գործին։) Ստեղծագործողները կարող են դարերով քնեցնել դարակներում իրենց գործերն ու այդպես էլ չհրապարակել՝ ներքուստ վախենալով ձախողումից։

Մյուս կողմից, ձախողումից ոչ պակաս վախ է հարուցում նաև հաջողությունը։ Վախը հաջողությունից առանձին թեմա է, որին թերևս մի օր կանդրադառնանք։ Նշենք միայն, որ հաջողությունը ստիպում է մարդուն անդադար մտածել, որ յուրաքանչյուր գործ չպետք է զիջի նախորդին իր որակով։

Գործը կիսատ թողնելու ամենատարածված պատճառներից մեկը պերֆեկցիոնիզմն է, երբ մարդը նախընտրում է անգործությունը ինքն իր առաջ դրած նշաձողը գեթ մեկ միլիմետր իջեցնելուց։ Եվս մեկ տարածված պատճառ է անհրաժեշտ ջանքերի թերագնահատումը, երբ գաղափարապես ամեն ինչ ավելի հեշտ է թվում, քան կարող է իրականացվել գործնականում։

Մարդիկ, որոնք կարողանում են յուրաքանչյուր գործ ավարտին հասցնել, ունեն մի քանի ընդհանուր գծեր. նրանք քիչ են խոսում իրենց ծրագրերից, իրատես են ու միավոր ժամանակում ավելի քիչ գործունեության տեսակների վրա են կենտրոնանում։

Ինչպե՞ս սովորել կիսատ չթողնել

Ոչ բոլոր ձեռնարկումներն ու գործերն են պետք ավարտին հասցնել։ Երբեմն չշարունակելը դրական ազդակ է, որ մենք չենք զբաղվում նրանով, ինչը մեզ ուրախություն է պատճառում։ Սակայն ավելի հաճախ կիսատ թողնելը արմատավորված սովորություն է, որը փոխելու համար հետևողական ներքին աշխատանք է պահանջվում։ Ինչպե՞ս սովորել կիսատ չթողնել սկսածը։

  1. Հասկացեք սեփական վարքաձևը

Վերցրեք թուղթ ու գրիչը և վերհիշեք բոլոր այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք սկսել եք ու այդպես էլ չեք ավարտել։ Յուրաքանչյուրի առաջ նշեք այն պատճառները, որոնք դրդել են ձեզ սկսել ու կիսատ թողնել դրանք։ Ի՞նչն է կանգնեցրել ձեզ կես ճանապարհին՝ հաջողության կամ ձախողման վա՞խը, ձանձրո՞ւյթը, հիմնավոր պլանի բացակայությո՞ւնը, անբավարար հմտությունները (կրթությունը, ռեսուրսները)։ Կա՞ն արդյոք ընդհանուր գծեր, տեսնո՞ւմ եք կապեր, կրկնվող դրդապատճառներ։

2. Նախքան սկսելը ավելի խորն ուսումնասիրեք գործունեությունը

Սովորեք այլ մարդկանց օրինակով, հարցրեք ու տեղեկացեք ուրիշների փորձի մասին։ Դուրս բերեք բացասական կողմերն ու հնարավոր խոչընդոտները, վերանայեք ձեր ժամանակը. արդյո՞ք կկարողանաք դրանով զբաղվել ձեր այժմյան զբաղվածության պայմաններում։

3. Եղեք իրատես

Բարձր սպասելիքները, որպես կանոն, հանգեցնում են ձախողման։ Իրատեսորեն գնահատեք իրավիճակը, ժամանակն ու ձեր ընդունակությունները։ Սովորեք ու դաս քաղեք նախորդ փորձերից։

4. Մի նույնացրեք գաղափարն ու գործողությունը

Մի բան է պլանավորելը, միանգամայն այլ բան իրագործելը։ Հաճախ մենք կազմում ենք ծրագրեր, նախապես գնում ու ձեռք բերում գործիքներ և դրանով իսկ պատրանք ստեղծում ինքներս մեզ մոտ, որ սկսել ենք գործունեությունը, մինչդեռ բուն գործողությունը չպետք է նույնացնել դրա նախապատրաստական աշխատանքների հետ։

5. Վերանայեք ձեր մոտիվացիան

Եթե ուզում եք ավարտին հասցնել սկսածը, ապա համոզվեք, որ ձեր մոտիվացիան արտաքուստ թելադրված չէ, այլ ներքին ծագում ունի։ Հաճախ մեզ դուր է գալիս այն, ինչ հաճույքով անում են (կամ ներկայացնում են) մյուսները և թվում է՝ ինքներս էլ նույնպիսի հաճույք կստանանք նույնն անելուց։ Սա կեղծ մոտիվացիա է, որն անխուսափելիորեն հանգեցնում է սկսած նախաձեռնությունը կիսատ թողնելուն։ Ստուգելու համար մոտիվացիան, որոշ ժամանակ հետաձգեք գործունեությունը սկսելը։ Եթե ցանկությունը հետզհետե մարում է, ապա կարիք չկա այն սկսելու, եթե հակառակը, գնալով ուժգնանում է, ապա կարող եք ավելի վստահորեն անցնել դրա իրագործմանը։

Ինչպե՞ս սովորել ավարտել սկսածը

Կիսատ չթողնել դեռևս չի նշանակում ավարտին հասցնել սկսածը։ Երբեմն պրոդուկտիվությունը, որի մասին այդքան խոսվում է (և մենք էլ այստեղ մեր պատասխանատվության թոթոլ չափաբաժինն ունենք) հանգեցնում է անվերջ շրջապտույտի, որտեղ ընթացիք առաջադրանքների կատարումը ավելի կարևոր նշանակություն է ստանում, քան սկսած նախաձեռնությունն ավարտելը։

Փոքր քայլերով առաջ գնալը առավել կիրառելի է այնպիսի գործունեության տեսակների համար, որոնք չունեն ընդգծված վերջնագիծ։ Օրինակ՝ լեզու սովորելը կամ որևէ սովորություն ձևավորելը։ Մենք չենք կարող ասել, որ ավարտել ենք լեզու սովորելը կամ առավոտյան շուտ արթնանալու սովորությունը զարգացնելը։ Թեև նման նախաձեռնությունների դեպքում ևս կարելի է ունենալ ավարտունության որոշակի սահմանում, օրինակ՝ անկաշկանդ շփվել լեզվի կրողի հետ կամ առանց զարթուցիչ արթնանալ վաղ առավոտյան։

Եթե դուք պատկանում եք այն մարդկանց դասին, որոնք բազմաթիվ գաղափարներ են ունենում, միաժամանակ փորձում են մի քանի բան համատեղել ու իրագործել և արդյունքում հազվադեպ են ավարտին հասցնում սկսածը, ապա հետևյալ քայլերը կօգնեն ձեզ մշակել հստակ մարտավարություն սկսած գործն ավարտին հասցնելու համար։

Քայլ 1։ Կազմեք ընթացիկ ծրագրերի ցանկ

Derste not almak için en faydalı yöntem

Թվարկեք այն բոլոր ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք սկսել եք ու դժվարանում եք ավարտին հասցնել։ Խմբավորեք դրանք՝

  • անձնական (տուն, ընտանիք, առողջություն)
  • մասնագիտական (կրթություն, աշխատանք)
  • հավելյալ (բլոգ, երաժշտություն, ընթերցանություն և այլն)

Այնուհետ, անցեք ցանկի վրայով և դասավորեք անելիքներն ըստ առաջնահերթության։ Եթե դրանց թիվը գերազանցում է 10-12-ը, ապա ընտրեք ամենակարևորներն ու հետաձգեք մնացածը (քայլ 3)։

Քայլ 2։ Յուրաքանչյուրին տվեք ավարտունության սահմանում

Ի՞նչ ասել է ավարտել որևէ նախաձեռնություն։ Ե՞րբ կհամարեք, որ ավարտված է այս կամ այն գործունեությունը։ Ձեր ցանկից յուրաքանչյուրի դիմաց գրեք դրա ավարտունության սահմանումը։

Քայլ 3։ Արգելեք նոր նախաձեռնությունների մուտքը

Ձեր ցանկի տակ ավելացրեք ևս մի բլոկ, որտեղ կնշեք այն բոլոր գաղափարներն ու նոր ծրագրերը, որոնք կծագեն «ժամանակից շուտ»՝ նախքան ընթացիկ ծրագրերի ավարտը։ Մի սկսեք դրանցից ոչ մեկը, մի ներառեք արդեն իսկ ձևավորված կազմի մեջ, այլապես ձեր կյանքը կվերածվի անվերջ շրջապտույտի։

Քայլ 4։ Ամեն օր վերանայեք ակտիվ ծրագրերի ձեր ցանկը

Յուրաքանչյուր օր հարց տվեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ կարող եմ անել այսօր այս ցանկից որևէ բան ավարտին հասցնելու ուղղությամբ։ Եթե անհրաժեշտություն եք տեսնում հավելյալ ջանքի (օրինակ՝ ուշ քնելու), ապա «մի խնայեք ձեզ». ավարտունության զգացումը կփոխհատուցի ձեր հավելյալ ջանքը։ Միայն այդկերպ դուք կարող եք խուսափել անվերջ շրջապտույտից։

Քայլ 5։ Ընդմիջում վերցրեք յուրաքանչյուր փուլից հետո

Ընթացիկ անելիքներն ու ծրագրերը հասցնելով իրենց սահմանված ավարտին, մի շտապեք նորերը սկսելը։ Ընդմիջում վերցրեք՝ առնվազն մի շաբաթ, որպեսզի վայելեք ավարտունության զգացումը, հանգստանաք ու լիցքավորվեք էներգիայով։ Հանգիստը չափազանց կարևոր է, ու չարժե այն թերագնահատել։ Ընդմիջումից հետո սկսեք «Թթված ծրագրերի ավարտման» օպերացիայի հաջորդ փուլը։

Մենք մարդիկ ենք՝ միս ու արյունից, և ոչ պրոդուկտիվ մեքենաներ։ Սակայն մեզ՝ մարդկանց, կարելի է Նոբելյան մրցանակ կամ Օսկար շնորհել զբաղվածության քողի ներքո ինքներս մեզ խնայելու հմտությունը կատարելության հասցնելու համար։ Լինենք ազնիվ ինքներս մեզ հետ, ճանաչենք մեզ ու զարգացնենք այնպիսի հմտություններ, որոնք ոչ թե հիասթափություն ու մեղքի զգացում, այլ թեթևություն ու երջանկություն կպարգևեն մեզ։

Աղբյուրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով